Չպատվաստվելու պատճառով «կապույտ հազից» երեխա է մահացել

Չպատվաստվելու պատճառով «կապույտ հազից» երեխա է մահացել

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին, ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը և նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից։

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են նվազեցնել հիվանդության հարուցիչների շրջանառությունը։

«Ծնողներին հորդորում ենք ամենայն լրջությամբ վերաբերվել պատվաստումներից հրաժարմանը։ Դա կարող է ամենաանցանկալի հետևանքն ունենալ։ Պետք է հիշել, որ պատվաստումով կարող եք կանխել հիվանդությունը և դրանից սպասվող բարդությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հունվար-փետրվարին Հայաստանում դիտվում է կապույտ և հարկապույտ հազով հիվանդացության աշխուժացում։ 2017-ի նույն ժամանակամիջոցի 3 դեպքի փոխարեն գրանցվել է լաբորատոր հաստատված 12 դեպք։ Դրանցից 8-ը չպատվաստված երեխաներ են, իսկ 2-ը` թերի պատվաստված: Հարուցչի ակտիվ շրջանառության պայմաններում գերզանցապես տուժում են մինչև մեկ տարեկան երեխաները։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---