Արտավազդ Փելեշյանը պարգևատրել է Պատվո շքանշանով

Արտավազդ Փելեշյանը պարգևատրել է Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը պարգևատրել է Պատվո շքանշանով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն փետրվարի 22-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

«Սիրելի՛ մաեստրո, տաղանդների երկունքը դժվարին է, ու նաև հեշտ չի լինում անցած ճանապարհը, բայց տաղանդները նաև նրանով են տաղանդավոր, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները, կարողանում են հաղթահարել կատաղի դիմադրությունը՝ շատ հաճախ արվեստագետ և կարծես թե` հարազատ մարդկանց դիմադրությունը:

Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաև բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-իր շնորհավորական խոսքում ասել է նախագահը:

Մաեստրո Փելեշյանը շնորհակալություն է հայտնել հոբելյանական միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և իր արվեստը գնահատող բոլոր մարդկանց` մեծարանքի ու գնահատանքի խոսքերի համար: Անվանի կինոռեժիսորը նաև երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1963 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։

Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց: Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն»:

Միջազգային մամուլը և հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը` գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի և Պավլովի հոգեբանության և Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»:

Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: 1996-ին Փելեշյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2006-ին` «Փարաջանովյան Թալեր»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---