// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

PanARMENIAN.Net - Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը Change.org կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել:

«Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից, գրում է Ermenihaber-ը:

«Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը»,-ասվում է նամակում:

Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի, նամակը հիշեցնում է հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին՝ կոչ անելով հարգել իրենց իսկ խոստումը։

Համայնքային հաստատությունների ղեկավարներին կոչ է արվում հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։

«Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր: Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք»,-նշված է նամակում:

Խնդրագիրն արդեն ստորագրել է 1283 մարդ:

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Մայր Աթոռն ակնկալում է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

 Ուշագրավ
«Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչը
Ըստ թերթի, «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում, որոնց թվում են նաև Բեռլուսկոնին և Շրյոդերը»
Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը
Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան