// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԼՂՀ ԱԺ. Սումգայիթով Բաքուն սպառնում էր իր իրավունքների համար ոտքի ելած արցախահայերին

ԼՂՀ ԱԺ. Սումգայիթով Բաքուն սպառնում էր իր իրավունքների համար ոտքի ելած արցախահայերին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։

Նշվում է, որ Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջևանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների և հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսևորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արևելյան Անդրկովկասի հայությանը: Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին և ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը:

Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը և համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը.

«դատապարտում է խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում,

գտնում է, որ պաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը, որի վերջին վկայությունը 2016թ. ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված հանցագործություններն են,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման ու պաշտպանման գործում»:

Արցախի ԱԺ-ն նաև կոչ է անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

 Ուշագրավ
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է
Շուշիում նախատեսում է նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի
Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ