ԵԱՀԿ ՄԽ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւը անբավարար եւ խտրական է համարում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով այն բանաձեւի առիթով, որը հավանություն է ստացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից եւ առաջարկված է եղել Ադրբեջանի կողմից: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները 2007 թվականի նոյեմբերին, Մադրիդում նախապատրաստել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքները: «Այդ սկզբունքները հիմնված են Հելսինքիի ամփոփիչ փաստաթղթի վրա` ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության մասին: Այդ սկզբունքները դեռեւս քննարկման մեջ են բանակցությունների գործընթացում: Կողմերը պայմանավորվածության են եկել, որ բոլոր տարրերը կարող են ուժի մեջ մտնել միայն փոխադարձ համաձայնության հիման վրա: Սակայն, ցավոք, ՄԱԿ-ի Վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւը մարտի 14-ին, ներկայացնում է միայն կողմերից մեկի շահերը եւ չի արտահայտում հավասարակշռված տարածքային ամբողջականությամ մասին առաջարկությունը, որը ներկայացվել է համանախագահների կողմից: Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ են հանդես եկել նման բանաձեւի նախագծին, այն անբավարար եւ խտրական համարելով: Նրանք եւս մեկ անգամ հայտարարում են, որ հակամարտության երկար եւ արդարացի կարգավորումը խաղաղ ճանապարհով հնարավոր է միայն կողմերի միջեւ փոխզիջում գրանցելով, վերականգնելով երկրների տարածքային ամբողջականությունը, ուժ չկիրառելով, հետեւելով իրավահավասարության եւ միջազգային իրավունքի այլ սկզբունքներին»,- նշվում է փաստաթղթում: Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները ընդգծում են, որ դեմ հանդես գալով բանաձեւին, որը վնասում է խաղաղ գործընթացին, նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ նրանց այդ քայլը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում: Միջորդները կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ միակողմանի եւ մաքսիմալիստական քայլերից, որոնք խանգարում են խաղաղ գործընթացին, որոնք կարող են նախաձեռնվել մարտի 4-ին շփման գծում տեղի ունեցած բախումից հետո, ինչը հանգեցրել էր մարդկային զոհերի, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանին 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---