Լճաշեն-Սևան հատվածում ուզում են առափնյա ճեմուղի կառուցել

Լճաշեն-Սևան հատվածում ուզում են առափնյա ճեմուղի կառուցել

PanARMENIAN.Net - «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով նախատեսվում է 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում իրականացնել: Այդ մասին ասվել է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցմանը:

Նախատեսվում է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիներն առանձնացնել հատուկ նշաններով, ցուցանակներ տեղադրել, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգիստ կազմակերպել, կառուցել ու հիմնանորոգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհները:

Միջոցառումներ են ձեռնարկվելու նաև պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման և այլ ուղղություններով:

Զեկուցվել է, որ 2018-ի ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:

Կարեն Կարապետյանը կարևորել է «Սևան» ազգային պարկի պահպանման ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: Վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձևավորման և այլ ուղղություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---