Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային դադարեցնել մարտական գործողությունները Սիրիայում

Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային դադարեցնել մարտական գործողությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորներն անհրաժեշտ են համարում, որ հրադադար հաստատվի Սիրիայի ամբողջ տարածքում: Այդ մասին ասվում է բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգում՝ խորհրդարանի ընդլայնված նիստում:

Բանաձևը կոչ է անում Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից և սկսել կառուցողական դեր կատարել սիրիական հակամարտությունում, ինչը կբխի նաև Թուրքիայի ազգային շահերից:

«Եվրախորհրդարանը պահանջում է, որ Սիրիայում ամբողջությամբ պահպանվեն հումանիտար իրավունքի նորմերը՝ ներառյալ քաղաքացիական անձանց: Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում, ներառյալ Աֆրինը»,-ասվում է փաստաթղթի տեքստում, գրում է ՏԱՍՍ-ը:

Եվրախորհրդարանը կրկին անգամ «վճռականորեն դատապարտում է դաժանության բոլոր դրսևորումները Սիրիայում, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումները, որոնք գրանցվել են հակամարտության ընթացքում: Այդ թվում Ասադի կառավարության գործողությունները դաշնակից ՌԴ-ի և Իրանի աջակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ ցուցակում ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների գործողությունները»,-ասվում է բանաձևում:

Եվրախորհդարանն իր մտահոգությունն է հայտնել «Սիրիայի շրջաններում, հատկապես Արևելյան Գուտայում, Աֆրինում և Իդլիբում իրավիճակի սրացման կապակցությամբ»: Նշվում է, որ Աֆրինում սրացման վտանգ կա, քանի որ այն կարող է հանգեցնել առճակատման մի կողմից թուրքական ուժերի և Ասադի կամ ռուսական զորքերի միջև, մյուս կողմից՝ ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածության:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---