Ֆրանսիան չի բացառում, որ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել

Ֆրանսիան չի բացառում, որ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել

PanARMENIAN.Net - Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կդադարեցվի, եթե ապաստանի համար դիմողների աճը շարունակվի: «Sputnik Վրաստանի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:

ԵՄ երկրները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստան խնդրողների թվի աճի առնչությամբ: Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իսլանդիան:

«Ֆրանսիայում ապաստան ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է: Միևնույն ժամանակ, նրանք հաճախ խախտում երկրում գտնվելու սահմանված ժամկետները: Ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր երկու տարի ժամկետով անօրինական կեցություն են նրանց առաջարկում Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ դրանից հետո ապաստանի տրամադրում», - ասել է ֆրանսիացի դեսպանը:

Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նման գործողությունները կարող են վատ հետևանքներ ունենալ ամբողջ Վրաստանի համար:

«Չի բացառվում, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ և առանց վիզայի ռեժիմի դադարեցվի»,- նշել է Մենյեն:

Հունվարին ԵՄ երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի 13 քաղաքացու, իսկ մոտ 1300 մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալներով՝ ուսումնասիրվում է Վրաստանի ավելի քան 5400 քաղաքացու դիմում:Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին: Այս ընթացքում 220.000 քաղաքացի է օգտվել առանց վիզա ռեժիմից:

Ավելի վաղ, Վրաստանից մեկնած ապաստան փնտրողների քանակի ավելացման առնչությամբ դժգոհություն էր հայտնել նաև Գերմանիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---