Վրուբելի կտավները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ «հայտնվել են» Օպերայի բեմում

Վրուբելի կտավները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ «հայտնվել են» Օպերայի բեմում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ներկայացվեց «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը՝ հագեցած անիմացիոն ժամանակակից լուծումներով։

Ներկայացման մեջ մեկտեղված էին հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում էին Վրուբելի՝ վերը նշված պոեմի նկարազարդումներով։ Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»:

Բեմականացման ամենակարևոր առանձնահատկությունը Վրուբելի կտավների ներկայացումն էր եռաչափ (3D) անիմացիայի ձևաչափով, ինչը հնարավորություն էր տալիս լիովին ընկալել խոսքի և կտավի վարպետների կողմից ստեղծված պատկերներն ու աշխարհը։ Տարբեր թանգարաններից առաջին անգամ հավաքվել ու մեկտեղվել էին «Դևը» պոեմի նկարազարդումները, ստեղծվել էր մեկ ամբողջական անիմացիոն պատկեր՝ ի լրումն գրական և երաժշտական ներկայացման։

«Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորության արդյունքում, գրական-երաժշտական ներկայացումը ամբողջացել է պոեմին նվիրված ժամանակակից անիմացիոն եռաչափ լուծումների շնորհիվ։ Հետագայում դրանք ներկայացվելու են նաև թանգարանի սրահում։

Երևանում Ռուսական արվեստի թանգարանի հետ գործակցության արդյունքում նոր տեխնոլոգիական լուծումներ են մշակվել նաև թանգարանում ՝ մոբայլ հավելվածի միջոցով Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավի շուրջ լրացված իրականության (AR) ձևավորման ուղղությամբ: Այն իրական է դարձնում հրեշտակի շարժումն ու գրավում դեպի Վրուբելի ստեղծած աշխարհ՝ կենդանացնելով պատկերները։ Ցուցադրության ողջ ընթացքում թանգարանի այցելուները կկարողանան ոչ միայն տեսնել, այլ նաև տեսանկարահանել և պահպանել շարժվող պատկերները։

«Վրուբելի գողացված կտավի վերադարձը Հայաստան նշանակալի իրադարձություն է բոլորիս համար։ Ուրախ ենք, որ մեր վաղեմի գործընկերոջ՝ Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն ամբողջացավ և նման բարձրարժեք արվեստի գործը վերադարձավ իրենց հարկի տակ։ Լինելով տեխնոլոգիական ընկերություն, մեզ համար շատ կարևոր է աջակիցն ու գործընկերը լինել մշակութային արժեքները ժամանակակից հանդիսատեսին և արվեստասերներին նորովի մատուցելու գործում», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով, նման անիմացիոն լուծումներն առաջին անգամ են Հայաստանում կիրառվում բեմից:

«Դրանք ձևավորվում են նոր մոտեցումներ, ինչը, համոզված եմ, կնպաստի մշակութային կենտրոնների առավել գրավչությանը, այցելությունների աճին։ Իսկ ովքեր այսօր ներկա չեն գտնվի անպայման խորհուրդ կտամ այցելել թանգարան և արվեստի հետ շփվել նաև տեխնոլոգիաների լեզվով», - ասել է Հայկ Ֆարամազյանը։

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով, այս ներկայացումը երկու մշակութային կառույցների և տեխնոլոգիական ոլորտի գործակցության լավագույն օրինակ է։

«Այն ոչ միայն ամրապնդում է մշակութային կոթողների համատեղ աշխատանքը, այլ նաև նորովի ու նոր իրականության միջոցով է ներկայանում արվեստասեր հանրությանը։ Այստեղ օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհը՝ անտարբեր չթողնելով անգամ ամենաքմահաճ արվեստասերին»,- ասել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

«Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկել է մարտի 14-ին Ռուսական արվեստի թանգարանում (Երևան, Իսահակյան 38) համանուն ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախախարը, ներկայացուցիչներ Տրետյակովյան և հայաստանյան թանգարաններից։

1995 թվականին Երևանի Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կողոպտված ու 22 տարի հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից և մանրակրկիտ վերականգնում անցել Տրետյակովյան պատկերասրահում: 2017 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսատանում Հայաստանի օրերի շրջանակում նկարը նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց Վլադիմիր Պուտինը:

Արվեստասեր լայն հանրության համար ցուցահանդեսն իր դռները կբացի մարտի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---