ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է Թուրքիայում «Եվայի» ցուցադրման արգելքը

ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է Թուրքիայում «Եվայի» ցուցադրման արգելքը

PanARMENIAN.Net - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանի պահանջով իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում արգելելու որոշումը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է միության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ թուրքական իշխանությունները, դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում:

«Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելուց, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա գործակցությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ֆիլմի ցուցադրության արգելքի վերաբերյալ պարզաբանում էր պահանջել նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Սելինա Դողանը՝ մեջլիսում ներկայացնելով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցումը:

Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---