Ռալֆ Յիրիկյանը բիզնեսի կառավարման մշակույթն է ներկայացրել ուսանողներին

Ռալֆ Յիրիկյանը բիզնեսի կառավարման մշակույթն է ներկայացրել ուսանողներին

PanARMENIAN.Net - Տարիներ շարունակ, տարբեր լսարանների համար կազմակերպվող դասախոսությունների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է հաջողության հասնելու, հեռահաղորդակցության ոլորտի ու հասարակության զարգացմանն աջակցելու քաղաքակիրթ ճանապարհները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով և խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:

Ինտերակտիվ շփման ընթացքում, ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող և թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերության՝ ՎիվաՍել- ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպության երկարաժամկետ զարգացման հիմնական գործոնները.«Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ:

Այդ ամենով հանդերձ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլև երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: «Աշխատանքային առողջ միջավայրը, նոր չափանիշներ սահմանելու համարձակությունը, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամքը, հասարակության առջև ստանձնած պատասխանատվությունը և արդյունքի հասնելու հետևողականությունը կազմակերպության երկարատև զարգացման հիմքերն են»:

Սեփական փորձի հիման վրա՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին մի շարք խորհուրդներ է տվել: Ըստ Յիրիկյանի՝ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու և արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետևողական քայլեր կատարեն: «Պետք է ավելի շատ աշխատե՛ք ու գտնեք այն նախադրյալը, որն առկա է ձեր մեջ: Միգուցե այն դառնա հմտություն, դառնա մասնագիտություն: Հենց դա էլ ձեր հաջողության և ինչու ոչ՝ առաջնորդության հիմքն է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Յիրիկյանն ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբար՝ դիտարկելով դրանք իբրև փորձի ձեռքբերման կարևորագույն փուլեր. «Հեռահաղորդակցության շուկայի միտումները հասկանալու, համաշխարհային գործընթացներին խորապես տիրապետելու, ինչպես նաև՝ արտադրության շղթայի աշխատանքներն ու մարդկանց առաջնորդելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ համակարգային մտածողություն: Իսկ դա ենթադրում է աշխատանքային փորձի առկայություն՝ արժեքի ստեղծման շղթայի բոլոր օղակներում: Հետևաբար՝ պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից և աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու և նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է և արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը և ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, և ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է:

«Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսության վերջում բանախոսը անդրադարձել է նաև սխալներ գործելուն, իբրև ինքնազարգացման կարևոր նախապայման. «Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի մի սևեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը և հետևություններարեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»: Ապագա գործարար կառավարիչներին Ռալֆ Յիրիկյանը խորհուրդ է տվել լինել այնպիսի առաջնորդ, ում վստահում են, այլ ոչ թե վախենում են. «Վախը ձեր ենթակաների մեջ սարսափելի խոչընդոտ է բիզնեսի զարգացման ու անհատի ինքնազարգացման համար»,- եզրափակել է Յիրիկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---