Մայմեխը կվերածվի լեռնադահուկային հանգստի գոտու. 14,4 միլիարդ դրամ կներդրվի

Մայմեխը կվերածվի լեռնադահուկային հանգստի գոտու. 14,4 միլիարդ դրամ կներդրվի

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Մայմեխ լեռը կվերածվի լեռնադահուկային հանգստի գոտու: Ծրագրի շնորհիվ կստեղծվի մոտ 1600 աշխատատեղ, ներդրումային արժեքը կազմում է 14,4 միլիարդ դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ծրագրի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը, «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը, նախարարության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը հավաստիացնելով, որ Մայմեխի ծրագիրը իր նախադեպը չունի Հայաստանում, մանրամասնել է.«Ընտրվել է Լոռու մարզը որպես տուրիզմի համար պոտենցիալ ունեցող լավագույն մարզերից մեկը. խոսքը վերաբերում է Լոռու անարատ բնությանը և Փամբակի լեռնաշղթային: Փամբակի լեռնաշղթայի բարձրությունը և տեղումների քանակը բավականին հարմարավետ են լեռնադահուկային համալիրի ստեղծման համար: Մեզ համար ծրագիրը լինելու է շուրջտարյա, կառուցվելու են սահուղիների լրջագույն ենթակառուցվածքներ, լինելու են ամենաժամանակակից ճոպանուղիները, ունենալու ենք նաև ամառային հանգիստը կազմակերպելու հնարավորություններ՝լինելու է միջազգային չափանիշներին համապատասխանող համալիր: Մեր հիմնական կապալառուն եղել է կանադական Ecosign կազմակերպությունը, որն աշխարհահռչակ կազմակերպություն է լեռնադահուկային համալիրների նախագծման ոլորտում»:

«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկություններն ու կոմերցիոն նշանակությունը, տեղեկացրել է, որ հանգստավայրը կգործի ամբողջ տարի, կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ:

Փոխնախարար Վաչե Տերտերյանը, կարևորելով ծրագրի տնտեսական, տարածաշրջանային և զբոսաշրջային նշանակությունը, նշել է, որ Հայաստանում մեկնակում է իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ ծրագիր, որի նշանակությունը իսկապես համաշխարհային կլինի։ «Հատկանշական է, որ սա զրոյից մեկնարկող խոշորածավալ ծրագրի մի օրինակ կարող է լինել, ինչպիսիք շատ չեն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Մենք գործ ունենք լրիվ նոր ծրագրի հետ»,- ասել է Տերտերյանը:

Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի իրավական ակտեր է ընդունել այս ծրագրի ուղղությամբ՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ և գրավիչ օրենսդրական դաշտ։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մայմեխի ներդրումային ծրագիրը նոր զարկ կհաղորդի Լոռու մարզի տնտեսական կյանքին և կակտիվացնի բիզնես միջավայրը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունել է ներդրումային ծրագիրը և շեշտել, որ զբոսաշրջությունը տնտեսության կայուն զարգացման այն հիմնական գործիքներից է, որը անընդհատության մեջ նպաստում է նաև համայնքների զարգացմանը: Զեյթունցյանի խոսքով, լեռնադահուկային հանգստի գոտիների ստեղծումը հեռանկարային է նաև Հայաստանի համար, քանի որ համաշխարհային զբոսաշրջության միտումները թելադրում են ամառային հանգստյան տարբերակներից զատ կարևորել նաև ձմեռային հանգիստը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---