Եկամտային հարկը կարող է նվազել

Եկամտային հարկը կարող է նվազել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ է եղել:

«2017 թվականին արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվել հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները», - նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ մյուս կողմից դա գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշախատողների։ Նշվել է նաև, որ զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:

Ներկայումս աշխատավարձը եկամտային հարկով է հարկվում մի քանի սանդղակով։ Մինչև 120 000 աշխատավարձ ստացողները վճարում են 23%, 120․000-1մլն դրամ ստացողները՝ 27․600 + 120․000 դրամը գերազանցող գումարի 28%-ը, իսկ 1 մլն դրամից ավել ստացողները՝ 274 հազար դրամ + 1 մլն դրամից ավել գումարի 33%-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---