Ադրբեջանում լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների ասուլիսը

Ադրբեջանում լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների ասուլիսը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսը:

Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ադրբեջանական «ՍԵՍ» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիևն առաքելության հայտարարությունից հետո մեղադրել է ԵԱՀԿ դիտորդներին եզրակացությունը նախապես պատրաստելու մեջ: Լեզվակռիվ է սկսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դիտորդներն ընդհատել են մամուլի ասուլիսը, սակայն, մի քանի րոպե անց վերադարձել են և շարունակել:

Դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են իրավունքների և ազատությունների սահմանափակման և անբավարար մրցակցության պայմաններում:

Ընդ որում, Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրությունները եղել են արդար ու թափանցիկ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատակիցները խախտումներ են արձանագրել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում:

Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---