Գյուղնախարարություն. 2018-ին 9.4 մլրդ դրամի վարկ կտրվի 2100 շահառուի, լիզինգի նոր ծրագիր կմեկնարկի

Գյուղնախարարություն. 2018-ին 9.4 մլրդ դրամի վարկ կտրվի 2100 շահառուի, լիզինգի նոր ծրագիր կմեկնարկի

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է լիզինգային պայմաններով տարեկան 4% տոկոսադրույքով վարկ տրամադրել տնտեսավարողներին վերամշակման սարքավորումների, ջերմոցների, չորանոցների ձեռքբերման համար՝ հորդորելով ֆինանսական կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ։ Այդ մասին ասվել է գյուղատնտեսության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները:

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ծրագրի մասնակից ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ։

«Մեր այսօրվա խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկել գյուղոլորտին տրամադրվող 3-10 մլն դրամ սուբսիդավորվող վարկերի ծրագրի ընթացքը, առաջացող խնդիրները, Ձեր կողմից բարձրացվող հարցերը, որի արդյունքում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն ծրագրում՝ թե վարկավորման և թե հավաստագրման մասով»,- իր խոսքում մասնավորապես նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Համաձայն ամփոփված տվյալների՝ 2017-ի չորրորդ եռամսյակում ծրագրի շրջանակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով, մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: 2018-ին նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկ` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի 2 030.8 մլն դրամ:

Ամենաշատ վարկեր տրամադրել է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (61.84 %), այնուհետև «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն (17.9 %) «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ» ՈՒՎԿ-ն (12.95 %), «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ (7.21%) և վերջերս ծրագրին միացած«ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»-ն՝ («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) 0.10 %։

Ռոբերտ Մակարյանը հանձնարարել է ծրագրի պատասխանատուներին ֆինանսական կառույցների հետ համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերը և ներկայացնել առաջարկներ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են գրավադրմանը, վարկի նվազագույն շեմին, վարկերի նպատակայնությանն ու մոնիթորինգին առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող հավաստագրման դասընթացներին վերաբերող, մասնավորապես հավաստագրի ժամկետին, ինչպես նաև հավաստագրում վարկավորման գումարի չափը և նպատակը սահմանելու վերաբերյալ առաջարկությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---