19 ապրիլի 2018 - 16:24 AMT
Սահակյան. ՊԲ-ն նոր տեխնիկա է ստացել, զենքի որոշ տեսակներ փոխարինվել են

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը: Այս մասին ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական և այլ միջոցառումների իրականացմամբ: «Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ»,-ասել է նա, հայտնում է «Արցախպրեսը»:

«Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում: Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը:

Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է նախագահը:

Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել: Առաջնագծում և պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ և փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:

Նշվել է, լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:

Բակո Սահակայնն ասել է, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ:

Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները և, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել և կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք: