Հայտարարություն. Բռնություն հրահրողները կամ կիրառողներն ակցիայի մասնակիցներ չեն

Հայտարարություն. Բռնություն հրահրողները կամ կիրառողներն ակցիայի մասնակիցներ չեն

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներ և երթեր կազմակերպող «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է:

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարություններն այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ:

«Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»,-ասվում է հայտարարության մեջ ։

Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով անցնում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք շարժում են «Քայլ արա, մերժիր Սերժին» և «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» վանկարկումներով։ Փաշինյանը մշտապես խաղաղ վարքագծի կոչեր է անում:Ոստիկանությունը մի շարք հայտարարություններ է տարածել, որում նշում է, որ այդ միջոցառումներն ապօրինի են։

Ոստիկանության վերջին հայտարարություններից մեկի մեջ ասվում է. «Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակնհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---