Կաթողիկոս. Անընդունելի են թշնամանքի հրահրումը և բռնության գործադրումը

Կաթողիկոս. Անընդունելի են թշնամանքի հրահրումը և բռնության գործադրումը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել՝ նշելով, որ երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում»,-ասվում է կաթողիկոսի ուղերձում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է արել պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն: «Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման: Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ»,-ասվում է ուղերձում:

Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք շարժվում են «Քայլ արա, մերժիր Սերժին» և «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» վանկարկումներով։ Վերջին օրերին նրանք փորձել են փողոցներ փակել և կառավարական հաստատություններ արգելափակել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---