Շախմատի հավաքականն աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին․ Որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքները

Շախմատի հավաքականն աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին․ Որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքները

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականն իր աջակցությունն է հայտնել վարչապետ Սերժ Սարգսյանին։ Նրանց հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ մի շարք օլիմպիական չեմպիոններ ու միջազգային գրոսմայստերներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին և աջակցությունը հայտնել նրան՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

«Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։ Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ և մտավոր ուժով։ Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը»,-ասվում է հայտարարության մեջ:

Շախմատիստները համոզված ենք, որ շախմատի ոլորտում ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաև այն ներքին համոզման ու վստահության շնորհիվ, որ Հայրենիքում բոլորը միասնական են, մի ուժ են ու ուս ուսի կանգնած։ Նրանք վերահաստատել են իրենց այդ համոզումը, որ ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։

«Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։ Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,-ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը և հավաքականաի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---