ՀՅԴ Լիբանանի երիտմիությունը կոչ է արել մտավորականներին միանալ ցուցարարներին

ՀՅԴ Լիբանանի երիտմիությունը կոչ է արել մտավորականներին միանալ ցուցարարներին

PanARMENIAN.Net - ՀՅԴ Լիբանանի «Սիմոն Զավարյան» երիտասարդական և ուսանողական միությունը ողջունել է Երևանում ընթացող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերը։

Հայտարարությունում նշվում է, որ միությունը ողջունում է ցանկացած խաղաղ ցույցեր, որոնց նպատակն է բարձրաձայնել սեփական կամքը կամ մերժել որևէ որոշում։ Այս իմաստով տեղի ունեցած ցույցերը միությունը որակում է առողջ, քանի որ «դրանք մնացին խաղաղ, հեռու վտանգավոր բախումներից»։ «Մյուս կողմից, հավատում ենք, որ որևէ բողոքի շարժում պիտի անցնի կառուցողական դաշտ՝ արդյունավետ դառնալու համար», - ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը դատապարտելի է։

«Երկրի խնդիրները խորքային են, լուծումներն էլ նույնպիսին պիտի լինեն։ Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ավագ մտավորականությունը կանգնի դասադուլ ու գործադուլ անող քաղաքացու, կամավանդ՝ ազատատենչ ու առաջադեմ երիտասարդ ուսանողի պահանջատիրության կողքին», - ասվում է հայտարարությունում։

«Բոլորիս խորապես մտահոգում և հուզում է մենատիրական որեւէ դրսևորում: Ընդդիմությունը ժողովրդավարական կարգերի երաշխիքն է, ուստի հարգելի են ու քաջալերելի ընդդիմութեան բոլոր հատվածները և բոլոր նրանք, ովքեր ձգտում են արդար ու հզոր Հայաստանի տեսլականին: Դատապարտելի է ընդդիմության ընկճեցման որևէ արարք», - նշում է միությունը։

Միաժամանակ, հայտարարությունից բխում է, որ միությունը չի խառնվում կուսակցության հայաստանյան ճյուղի՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը պաշտպանելու որոշմանը։ «Հայաստանի ներքին քաղաքականության շուրջ որոշումները վերապահում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին, սակայն դա չի նշանակում, որ արտերկրի դաշնակցական երիտասարդության և ուսանողության սիրտը չի տրոփում պահանջատեր ժողովրդի հետ, որն արդար եւ պարկեշտ քաղաքական կարգերի հաստատման է ձգտում», - ասվում է հայտարարությունում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---