Փողոց փակած վարորդների դեմ քրգործեր են հարուցվել. 3 անձ ձերբակալվել է

Փողոց փակած վարորդների դեմ քրգործեր են հարուցվել. 3 անձ ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաների ժամանակ մեքենաներով փողոց փակած 3 վարորդի դեմ քրգործեր են հարցուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2018-ի ապրիլի 20-ին մոտ 60 ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ:

«Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ», ասվում է հայտարարության մեջ:

258-րդ հոդվածի 1-ին մասն ասում է՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---