Բաբլոյան․ Փաշինյանը հակված չէ քաղաքական քննարկումների

Բաբլոյան․ Փաշինյանը հակված չէ քաղաքական քննարկումների

PanARMENIAN.Net - Վարչապետ Սերժ Սարգսյանի ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ակնհայտ դարձավ, որ վերջինս հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետեւանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք:

Այս մասին է հայտարարել ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը ստեղծված իրավիճակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունում։

«Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին եւ կրելու են համարժեք պատասխանատվություն: Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժեւորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները եւ նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ», - ասել է նա։

Բաբլոյանը նաև զսպվածության ու հանդուրժողականության կոչ է անում քաղաքացիներին և բոլոր քաղաքական ուժերին։

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---