«Ավրորայի» $1 մլն մրցանակին 3 թեկնածու է հավակնում

«Ավրորայի» $1 մլն մրցանակին 3 թեկնածու է հավակնում

PanARMENIAN.Net - «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել 3 մարդասերի՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության և Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար։

Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման, հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացրել է 2018-ի երեք հերոսներին.

Չո Լա Աուն, իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մահմեդական Չո Լա Աունը, թեև ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

• Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն և իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50.000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առևանգումների փորձերից տուժածներին և սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաև Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17.800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների և թրաֆիքինգի դեմ։

Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018-ի հունիսի 9-ին, Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգևատրվի ինչպես 100.000 դոլարի պարգևով, այնպես էլ 1 000 000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը