Կարապետյան-Փաշինյան հանդիպում չի լինի, իշխանությունն արտահերթ ընտրություններ կարող է անցկացնել

Կարապետյան-Փաշինյան հանդիպում չի լինի, իշխանությունն արտահերթ ընտրություններ կարող է անցկացնել

PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա. տեղեկությունը հաստատել է թե ընդդիմությունը,թե իշխանությունը՝ ամենքն իր տեսակետը հայտնելով հանդիպման տապալման պատճառների մասին:

«Մենք պահանջել էինք, որ վաղվա հանդիպումը կայանա լրագրողների մասնակցությամբ։ ՀՀԿ-ում, կարծես, ուզում են օգտագործել Սերժ Սարգսյանի հրաժարականն իշխանությունը պահպանելու համար։ Սա իրավիճակի սխալ գնահատական է, և ՀՀԿ-ն չի կարող մնալ։ ՀՀԿ-ից կարող են կապվել մեզ հետ և մենք կգնանք այդ հանդիպմանը, բայց կարծում եմ` այդպես չի լինի։ Կոչ եմ անում առավոտյան ժամը 11:00-ի վերսկսել գործողությունները, երեկոյան ժամը 19:00-ին էլ հավաքվել Հրապարակում` հանրահավաքի»,- ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյանն, իր հերթին, հայտարարել է, որ հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

«Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել», - ասել է նա:

Կարապետյան նշել է, որ դիմում նախագահին՝ կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` «քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---