Կարապետյան. Դուրս եկեք ԱԺ ձեր ծրագրով, և եթե ունեք ժողովրդի քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ (վիդեո)

Կարապետյան. Դուրս եկեք ԱԺ ձեր ծրագրով, և եթե ունեք ժողովրդի քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Շանթ»-ին, որտեղ անդրադարձել է ՀՀ-ում ծավալվող վերջին իրադարձություններին: Խոսելով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր՝ ապրիլի 27-ին չկայացած բանակցությունների մասին, նա ևս մեկ անգամ նշել է, որ վերջինիս հրավերը նախորդից չէր տարբերվում:

Կարապետյանն անդրադարձել է բանակցային իր փորձին.

«Չգիտեմ՝ պրն Փաշինյանը որպես բանակցող մեծ փորձ ունի, թե՝ ոչ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում՝ տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում: Եվ առ այսօր բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալը դեռ չի նշանյակում լավ բանակցող»:

Հարցին, թե որ դեպքում են բանակցությունները հեռանկարային, Կարապետյանն ասել է՝ երբ բոլոր կողմերն իրար լսելու ցանկություն ունեն, «մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն»:

«Ի սկզբանե երբ հայտարարվում է, որ օրակարգը սա է [Փաշինյանի ներկայացրած օրակարգի մասին, - խմբ.], և մյուս կողմն իրավունք չունի որևէ օրակարգ ձևավորելու, դա արդեն բանակցություն չէ»,- նշել է նա:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ խորը հարգանքով է վերաբերվում քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունն են արտահայտում, և որ այդ ամենը խաղաղ է անցնում:

«Մեկ տեղ հավաքված քաղաքացիներն ասում են՝ մեր վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղ հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիները կասեն մեր վարչապետն այ էս ինչն է: Ինչպե՞ս ենք ընտրելու՝ ով է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետը պետք է իր ծրագիրը ներկայացնի: Կարծում եմ՝ պրն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի երկիր է ուզում կառուցել, ինչ թիրախներ է դնում, անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական: Բայց մենք պետք է ընտրենք հենց ծրագիրը: Մենք ընտրում ենք գաղափարը: Եվ ես չեմ բացառում, որ մեր քաղաքացիները, ովքեր դժգոհ են, ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետը, բայց կարող է և ոչ», - ասել է նա՝ նշելով, որ գուցե քաղաքացիները դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետ ընտրելու հնարավորություն ունենան,հնարավոր է՝ Փաշինյանին չընտրեն:

«Սահմանադրությունն այդ ամենը կանոնակարգել է: Դուրս եկեք ԱԺ ձեր ծրագրով, և եթե դուք ունեք այդ քվեն, ստացեք այն ու դարձեք վարչապետ»:

Եզրափակելով՝ Կարապետյանը խնդիրը լուծելու իր տեսակետն է առաջարկել.

«Իրականում ունենք ճգնաժամ, կուտակված խնդիրներ, և պետք է հստակ ընտրենք՝ ո՞ր ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա, ինչպիսի՞ ծրագրեր կան: Մենք անձ պետք է չընտրենք, այլ ծրագիր, թիմ, մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, հանդուրժողական լինենք: Չենք թաքցնում, որ ունենք մեղավորության մեր բաժինը, որ այսքան մեծ խնդիրներ կան, բայց այդ վիճակից պետք է դուրս գանք մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները: Չի կարելի ոչ մի բան մոնոպոլիզացնել՝ դա լավ բանի չի բերում», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---