Փաշինյան. Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ

Փաշինյան. Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ սատարում է ԼՂՀ ներկայիս իշխանություններին։ «Մենք լիարժեք սատարում ենք ԼՂՀ իշխանություններին», - հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաև Արցախում ու այնտեղ էլ իշխանափոխություն իրականացնի։

Խոսելով ԼՂ հարցում Բաքվի դիրքորոշման մասին՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և այդ պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երևանը գրավելու հայտարարություններ, պետք է հետևողական ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտական ոգին, հայտնում է Aysor.am-ը:

«Դա է ճանապարհը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայիս դիրքորոշման շարունակվելու դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է «նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանն ու վերադառնա կառուցողական դաշտ»։

ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նրա կարծիքի մասին՝ հիշեցնելով, որ իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Փաշինյանը բացատրել է, որ ընդդիմությունը տարբեր կառույցների վերաբերյալ առկա հարցերը այլ երկրների իշխանությունների կամ տվյալ միության գործադիր մարմնի անդամների հետ քննարկելու հնարավորություն չունի, ուստի խնդիրները բաձրաձայնում է նաև լսումների միջոցով:

«Դա տարբերակներից մեկն է, որպեսզի առկա խնդիրները բարձրաձայնվեն ու համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես այդ պրոբլեմները փաստաթղթավորել, գնալ ու քննարկել գործընկեր երկրների հետ ու համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»,-ասել է ԱԺ պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը:

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում:

«Բայց դա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այդ միությունում խնդիրներ չկան, խնդիրներ կան ու դրանք կքննարկվեն գործընկեր երկրների հետ: Խոսքը ոչ թե ԵԼՔ խմբակցության դիրքորոշման, այլ Հայաստանի պոտենցիալ, հնարավոր նոր կառավարության դիրքորոշման մասին է»,-ասել է Փաշինյանը:

Լրագրողները հարցրել են նաև Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին:

«Ես չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ իմ վարչապետ ընտրվելու դեպքում երկրում օրինականություն կհաստատվի»,-ասել է նա:

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը պաշտոնապես առաջադրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում։

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---