ԱԶԲ-ն $30 մլն բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում

ԱԶԲ-ն $30 մլն բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում

PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով:

Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաև հաստատել է Ամերիաբանկին մինչև 30 միլիոն դոլարի վարկի տրամադրումը: Պայմանագիրը կնքվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալիև Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի կողմից՝ Երևանում կայացած պայմանագրի կնքման հանդիսավորարարողության ժամանակ:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այսպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը», - նշել է Ռոզենտալը:

Նշված նշանակալի գործարքի համար խթան է հանդիսացել Ամերիաբանկի դերը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի զարգացման գործում, վերջին տաս տարիների ընթացքում բանկի գործունեության արդյունավետության մասին վկայող կայուն ցուցանիշները,ինչպես նաև հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ բանկի կողմից գործադրվող ակտիվ ջանքերը: Ամերիաբանկը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով գլխավորում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկը:

Բանկը հանդիսանում է նաև Հայաստանի ամենախոշոր վարկատուն: 2018թ-ի առաջին եռամսյակի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.4 մլրդ դոլար:

«Մենք բարձր ենք գնահատումգործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախաձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաև մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը և նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին և հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը», - նշել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Հայաստանում ֆինանսական միջոցների հասանելիությունը լուրջ խնդիր է, հատկապես ՓՄՁ-ների և միկրո ձեռնարկությունների համար՝ չնայած Հայաստանի տնտեսության մեջ դրանց զգալի դերակատարմանը: ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների գերակշիռ մասն են կազմում, մինչդեռ ՀՆԱ-ում և զբաղվածության ցուցանիշներում վերջիններիս տեսակարար կշիռը փոքր է (համապատասխանաբար 43% և 41.7%):

Հայաստանի բանկային համակարգի ամրապնդումը թույլ կտա մատչելի ֆինանսավորում ապահովել ՓՄՁ-ների համար և զարգացնել մասնավոր ֆինանսական ծառայությունները՝ ընդլայնելով ՓՄՁ-ներին սպասարկելու համար Ամերիաբանկի ֆինանսական հնարավորությունները: Մասնավորապես, նշված ծրագիրը թույլ կտա Ամերիաբանկին կայուն ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին՝ այսպիսով նպաստելով վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը և ՀՀ տնտեսության աճին ու դիվերսիֆիկացմանը:

Ֆինանսավորման փաթեթի շրջանակներում ԱԶԲ-ն նախատեսում է նաև Ամերիաբանկին տրամադրել տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ թվային բանկային տեխնոլոգիաների, ՏՏ համակարգերի և ռիսկերի կառավարման ոլորտներին աջակցելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---