Վարչապետ․ Այս պահից սկսած որևէ ապրանքատեսակի մուտք ՀՀ չի կարող սահմանափակվել

Վարչապետ․ Այս պահից սկսած որևէ ապրանքատեսակի մուտք ՀՀ չի կարող սահմանափակվել

PanARMENIAN.Net - Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հստակ հանձնարարական է տվել ներկրվող ապրանքների վերաբերյալ։ Այդ մասին նա ասաց ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Հիմա հայտարարում եմ, որ այս պահից սկսած որևէ ապրանքատեսակի մուտք Հայաստան չի կարող սահմանափակվել․ սահմանված կարգով ամեն ինչ պետք է մաքսազերծվի և կարող է մուտք գործել ՀՀ տարածք։ Նաև հանձնարարել եմ, որ ամեն ինչ արվի, որ այսօրվանից մաքսազերծումն իրականացվի հնարավորինս՝ ռեկորդային կարճ ժամկետներում։ Այսինքն, որ վաղն առավոտից մաքսատուն մտնող քաղաքացիները տեսնեն, որ գործընթացն իրականացվում է զարմանալի կարճ ժամկետներում», - նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև անդրադարձավ ԱԺ-ում իր ելույթին, որի ընթացքում անդրադարձել էր նաև ՀԴՄ կտրոնների տրամադրմանը։

«Ելույթիս ժամանակ խնդրեցի, որ ՀԴՄ կտրոնների տրամադրումն իրականացվի ամբողջապես։ Կրկնում եմ խնդրանքս, որը վերաբերում էթե քաղաքացիներին, թե ձեռնարկատերերին․ պահանջեք ՀԴՄ-ները, խփեք ՀԴՄ-ները։ Ի վերջո դա մեր նոր Հայաստանի պետական եկամուտներն են, ու դրանք ծախսվելու են ՀՀ առաջ դրված խնդիրները լուծելու համար», - նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին պետական հատվածում աշխատավարձերի, թոշակների և նպաստների ուշացումներ չկան․ «հակասող որևէ տեղեկատվություն ունենալու պարագայում ահազանգեք մեր թիմի ներկայացուցիչներին ու ԶԼՄ-ներին», - կոչ արեց նորընտիր վարչապետը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---