9 մայիսի 2018 - 17:04 AMT
Փաշինյան․ Պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ալիևի հետ, բայց Արցախի անունից պիտի խոսի ԼՂ նախագահը

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում անհրաժեշտ է սփյուռքի ներգրավումը։

«Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։

Իր հերթին Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ արցախցիները բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել Հայաստանի ու սփյուռքի աջակցության շնորհիվ։

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետն ավելի վաղ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ ծառայողական խորհրդակցություն է անցել:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետության ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին ամսվա իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: