ՀՀ առաջին փոխոստիկանապետը հրաժարական է տվել

ՀՀ առաջին փոխոստիկանապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել՝ խնդրելով ենթատեքստեր չփնտրել իր խոսքերի ու որոշումների մեջ:

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ ժամանակների և մարդկանց հերթափոխությունն անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք:

Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ»,-ասվում է նրա հայտարարության մեջ:

Պողոսյանը նշել է, որ եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ:

«Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:

Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով:Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ»,-ասվում է Պողոսյանի հայտարարության մեջ:

ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսպիյանը:Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանն ասել է՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:

Օսիպյանն ընդգծել է` եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ինքը պատրաստ է պատասխանատվություն ենթարկվել: «Հենց այս պահից էլ կհրաժարվեմ», - ասել է նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---