ՃՏՊ-ները փորձաքննելիս «Ռոստելեկոմի» օգնությամբ ՏՀՏ լուծումներ կկիրառվեն

ՃՏՊ-ները փորձաքննելիս «Ռոստելեկոմի» օգնությամբ ՏՀՏ լուծումներ կկիրառվեն

PanARMENIAN.Net - ՏՀՏ լուծումներն այսուհետ «Ռոստելեկոմի» շնորհիվ կկիրառվեն նաև ՃՏՊ-ների փորձաքննությունների ժամանակ: Մայիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել PC Crash համակարգչային ծրագրի և VZM 300 դեսելեռոմետր սարքի ձեռքբերման և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում, ինչը հնարավարություն կտա Հայաստանում իրականացնելու անկախ փորձաքննություններ ողջ աշխարհում լայնորեն կիրառվող և ժամանակակից լուծումների միջոցով։

ՀՀ-ում որևէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն և չեն իրականացվում նման ծրագրի և սարքի կիրառմամբ հետազոտություններ։ «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը,օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու և մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարևորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։

«Ռոստելեկոմի» և «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» համագործակցությունը մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- հանդիպման ընթացքում նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաները և նորագույն գիտագործնական մեթոդները։ Արդյունքում պարզ է դարձել, որ PC Crash համակարգչային ծրագրի և VZM 300 դեսելեռոմետր սարքի կիրառումը տվյալ բնագավառի արդի լավագույն լուծումներից են:

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը և նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարևոր խնդիրներից է կազմակերպության և առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այդ առումով խիստ կարևորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից ի դեմս պարոն Ֆարամազյանի, համագործակցության շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների ևմեթոդիկաների ձեռքբերման և դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը և արդյունքների հավաստիության բարձրացմանը»,-նշել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

PC Crash համակարգչային ծրագիրը օբյեկտիվ և անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման և 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և բուն ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ VZM 300 դեսելեռոմետր սարքը ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու և պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու տրանսպորտային միջոցի Արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաև դանդաղեցման գրանցում և արգելակման հետքի չափում:

Այն հնարավորությունկտա նաև գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ՝ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորինս ստույգ պատկերացում կազմելու ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար և խոշորագույն փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաև տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով և շուրջ 128 ենթատեսակներով։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը շրջայց են կատարել կառույցի մասնաշենքերում, այցելել են ֆիզիկատեխնիկական հետազոտությունների, քիմիական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական, համակարգչատեխնիկական,ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական, ձգաբանական, էկոլոգիական, դատաբժշկական, մշակութային, հողագիտական և կենսաբանական,տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձագիտական բաժիններ, ծանոթացել իրականացվող հիմնական աշխատանքներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---