Մխիթարյան. Չեմ եղել Սանչեսի գործարքի մաս (վիդեո)

Մխիթարյան. Չեմ եղել Սանչեսի գործարքի մաս

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Ալեքսիս Սանչեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մաս չէ, այլ հակառակը՝ գործարքն իր շուրջն էր կառուցվում: Այդ մասին Մխիթարյանը պատմել է FourFourTwo պարբերականին:

«Երբ լսեցի, որ կարող եմ ՄՅՈւ-ից «Արսենալ» տեղափոխվել, ասացի, որ «այո, ուզում եմ դա անել»: Ես երկար չեմ մտածել: Ես ասացի. «Ուզում եմ տեղափոխվել: Ուզում եմ ավելի շատ խաղարկային ժամանակ ունենալ: Ուզում եմ վայելել գրոհող խաղը, գրոհող ֆուտբոլը»: Ես ճիշտ որոշում եմ կայացրել՝ տեղափոխվելով «Արսենալ»,-ասել է ֆուտբոլիստը՝ հավելելով, որ ինչ-որ մեկին փոխարինելու համար չէ տեղափոխվել այդ ակումբ:

«Բոլորը շարունակում են ասել, որ ես Սանչեսի տեղափոխման գործարքի մաս եմ եղել, բայց դա ճիշտ չէ: Նա տեղափոխվել է իր պայմանագրով: Եթե Սանչեսը չտեղափոխվեր ՄՅՈւ, նա կմնար «Արսենալում» մինչև ամառ: Ամեն ինչ ինձանից էր կախված: Չեմ ուզում ասել, թե եղել եմ ծրագրի մեխը, բայց ուզում եմ, որ հասկանան, որ ես Սանչեսի գործարքի մաս չեմ կազմել»,-ասել է Մխիթարյանը:

Նա հավելել է, որ տեղափոխվել է «Արսենալ», քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շահագրգռված էր դրանում: Մխիթարյանը նշել է, որ ուզում է օգնել իր թիմին և իր անունը գրել ակումբի պատմության մեջ:

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել հունվարի 22-ին ՄՅՈւ-ից, իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հակառակ ուղղությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---