Բացառել ՃՈ ծառայողների կողմից շարժական տեսախցիկի կիրառումը. ՀՀԿ-ականներն առաջարկ ունեն

Բացառել ՃՈ ծառայողների կողմից շարժական տեսախցիկի կիրառումը. ՀՀԿ-ականներն առաջարկ ունեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մայիսի 14-ին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է բացառել ոստիկանի կողմից շարժական տեսանկարահանող սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը։

Օրինագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գևորգ Կոստանյանը, Անդրանիկ Հարությունյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արփինե Հովհաննիսյանը:

«2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը», -ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Ուստի, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

«Հ.Գ. Նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել և ընդգրկել նախագծի մեջ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---