// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Սասնա ծռերի» աջակիցները լսեցին Փաշինյանի կոչը. Արշակունյաց պողոտան բաց է

«Սասնա ծռերի» աջակիցները լսեցին Փաշինյանի կոչը. Արշակունյաց պողոտան բաց է

PanARMENIAN.Net - Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել են լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենց, սակայն, պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնեն «Սասնա ծռերի» և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», - ասել է ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 17-ին հանդիպել իրենց հետ:

«Մենք խնդրում ենք այսօր հանդիպել և եթե կա որոշակի լուծում, այդ լուծումը մեզ առաջարկել, մենք էլ հանգիստ սրտով ամեն ինչ ավարտենք, գնանք և սպասենք ձեր լուծումներին», - ասել է ակցիայի մասնակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները:

Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը:

«Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին:Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։

 Ուշագրավ
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել