// IP Marketing video - START// IP Marketing video - END

Շանթ Հարությունյան․ Փաշինյանին ժամանակ է պետք, անկայունությունից Բաքուն ու Մոսկվան են օգտվելու

Շանթ Հարությունյան․ Փաշինյանին ժամանակ է պետք, անկայունությունից Բաքուն ու Մոսկվան են օգտվելու

PanARMENIAN.Net - «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը նամակ է հղել հանրությանը, որում կոչ է արել ժամանակ տրամադրել նոր կառավարությանը խնդիրներ լուծելու համար։

«Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։ Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ , որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։ Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին», - նշել է նա։

Հարությունյանը ընդգծել է, որ հնարավոր անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը (ակնարկելով ՌԴ-ին՝ խմբ․)։

«Երբ, որևէ հետխորհրդային երկրում տեղի է ունենում այսպես կոչված «հակառուսական» հեղափոխություն, Ռուսական կայսրությունը տվյալ երկրին և ժողովրդին հայտարարում է իր թշնամին և պայքար սկսում դրա դեմ։ Իսկ եթե հեղափոխությունը չի կրում այսես կոչված «հակառուսական» բնույթ (ինչպես մեր հայկական թավշյա հեղափոխությունը), սակայն վայելում է համաժողովրդական մեծ վստահություն և սեր,այնուամենայնիվ, նույն Ռուսաստանը միևնույն է այդ ուժերին չհամարելով թշնամի, չի էլ ցանկանում համարել բարեկամ և դաշնակից՝ ձգտելով այդ առաջնորդներին դարձնել խամաճիկ։Որևէ առաջնորդի իր կամակատարը դարձելու համար դիմում է ամենանենգ դավերի՝ սեպ խրելով համաժողովրդական սեր վայելող առաջնորդի և ժողովրդի միջև․ այդպիսով առաջնորդին զրկելով համաժողովրդական հենարանից», - մասնավորապես նշել է նա։

Իր կարծիքով, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրնաքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը, կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ «Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայստանի կործանման», - ասել է Հարությունյանը։

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր 2013 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Անոնիմուսների շքերթի» ժամանակ ոստիկանների հետ բախման հետքերով։ 2014 թվականին նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Վճիռը հոկտեմբերի 17-ին հրապարակել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով:

 Ուշագրավ
Ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել
Վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին