Մանե Թանդիլյան. Կուտակային համակարգը Հայաստանին պետք է

Մանե Թանդիլյան. Կուտակային համակարգը Հայաստանին պետք է

PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։

Գրառման մեջ ասված է. «...Իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։

Նախևառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ»։

Նախարարը նշել է նաև, որ մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե ոչ, իսկ պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։

«Մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200.000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն է իմանալու, ինչու չէ, նաև մտորելու համար։

Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ոչ»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը հիշեցրել է նաև, որ օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի կառավարության և ապա՝ Ազգային ժողովի կողմից։

«Կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---