Վարչապետ. Պետք է անել ամենը, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատմական լինի

Վարչապետ. Պետք է անել ամենը, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատմական լինի

PanARMENIAN.Net - Պետք է ամեն ինչ անել, որպեսզի 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատմական լինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթնաժողովին կմասնակցի մոտ 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ:

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Նշվել է, որ արդեն իսկ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք:

Խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները կրելու են պարբերական բնույթ՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու նպատակով:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---