ԿԲ նախագահ. Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել

ԿԲ նախագահ. Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել

PanARMENIAN.Net - Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում։

«Խոսվել է տուգանքների և տույժերի հնարավոր վերացման մասին։ Կառավարության հետ քննարկումներ են ընթանում։ Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Այն դիտարկմանը, թե արդյոք նախկին իշխանությունը չէր կարող զբաղվել այդ հարցով, Ջավադյանն ասել է, որ վերջերս այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են։

Ջավադյանը նշել է նաև, որ Հայաստանի բանկային համակարգում ապրիլ-մայիս ամիսներին արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել: Նա տեղեկացրել է, սակայն, որ ապրիլին ու այժմ էլ մոնիտորինգ են իրականացնում բանկերում և գրանցել են, որ մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդները։

«Մենք ամենօրյա մոնիտորինգի ենք ենթարկել ապրիլի վերջին օրերը ու մինչև այժմ էլ մոնիտորինգ ենք իրականացնում։ Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մարդիկ հանել են, տարել պահել են կամ դեպոզիտարիաներում, կամ դրել «դոշակի» տակ, հետո նորից բերել դրել են բանկում», - ներկայացրել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով, բանկին անվստահություն հայտնելով մարդիկ զգալի տուժել են՝ խզելով երկարաժամկետ ավանդը և կորցնելով ավելացվող տոկոսագումարներ։

ԿԲ նախագահը ավանդների տեսքով բանկերից հետ վերցված գումարի չափը ճիշտ չի համարել հրապարակել, միայն ասել է՝ տասնյակ միլիոնների մասին է խոսքը, սակայն ընդգծել, որ մայիսի 10-ից հետո դրա 50 տոկոսից մի փոքր ավելին արդեն իսկ վերականգնվել է։

«Արտառոց բան՝ օրինակ գումարի արտահոսք, չկա», - նշել է ԿԲ նախագահը։

Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու և դա որոշակի ազդեցություն կունենա նաև ՀՀ տնտեսության վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---