Ազնավուրը 94 տարեկան է. Երևանում շանսոնյեի ծննդյան օրը կնշեն իր իսկ անվան հրապարակում

Ազնավուրը 94 տարեկան է. Երևանում շանսոնյեի ծննդյան օրը կնշեն իր իսկ անվան հրապարակում

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում նշելու են շանսոնյեի ծննդյան 94-րդ տարեդարձը։

2016 թվականին առաջին անգամ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ և ARARAT լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ Երևանում նշվեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը, իր իսկ անունը կրող հրապարակում: Նախագիծը նպատակ ուներ համաշխարհային ճանաչում ունեցող Ազնավուրի ծննդյան օրը` մայիսի 22-ը, տոն դարձնել Երևանում:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

Առաջին համերգի նախաձեռնությունը ողջունեցին և նախագծին միացան Լևոն Մալխասյանը, Տիգրան Համասյանը, Արամոն, Արտ Սինեմա Անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը: Վերջինս դարձավ այս նախագծի անբաժանելի մասնակիցը: Համերգին հնչում էին ջազային կատարումներ, ֆրանսիական հայտնի ստեղծագործություններ և իհարկե շանսոնյեի երգերը: 2017 թվականին ծրագրում ընդգրկվեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ. ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Էդգար Խաչատրյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ` Kami & Friends Project խումբը, DJ Beatman և Սոնա Ռուբենյանը, ով Հայկ Պետրոսյանի հետ երգեց զուգերգով:

Նախագծի նպատակն է նաև հնարավորություն ընձեռնելու երիտասարդ կատարողներին կենդանի հնչեղությամբ հանդես գալ բազմաթիվ հանդիսատեսի առջև:

2018-ին կայանալիք համերգին կմիանա երիտասադների նոր խումբ` Lucas Madoyan’s Band-ը` հայտնի բլյուզ ոճի ստեղծագործություններով, Sonet Band-ի կատարմամբ կհնչեն ֆրանսիական հայտնի ստեղծագործություններ: Ջիվան Գասպարյան կրտսերն առաջին անգամ կկատարի Ժորժ Կառվարենցի հայտնի ստեղծագործություններից մեկը, որը պատրաստվել է հենց այս համերգի համար:

Կավարտվի երեկոն Շառլ Ազնավուրի սիրված երգերով, որոնք կկատարի Հայկ Պետրոսյանը:

Կազմակերպիչները շնորհակալությունն են հայտնում ARARAT լեգենդար հայկական կոնյակներին` 2016-ից մինչ օրս կանգնած լինելու այս նախագծի կողքին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---