«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» նախագիծը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող եռամյա ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը: Մինչև 2020-ը նախատեսվում է կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:

Երևանում կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է 300 երիտասարդ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքի խոսքով, երիտասարդության ինքնազարգացմանը նապաստելը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է:

«Խոշոր գործատու լինելով՝ բավական ամփոփ պատկերացում ունենք անձնային և մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն հայկական աշխատաշուկայում: Կարծում ենք` այս ծրագիրը կնպաստի մասնակից երիտասարդների կարիերայի զարգացմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը: Գրանցվածների թիվն արդեն հասել է 1900-ի և մենք շատ ուրախ ենք տեսնելու այդպիսի ակտիվ արձագանք թե Երևանում, թե մարզերում բնակվող երիտասարդների կողմից, ինչն իրապես վկայում է ծրագրի արդիականության և անհրաժեշտության մասին», - ասել է Քրիստոֆ Սփեքը:

Ծրագրի առաջին փուլում մասնակիցները տարբեր մենթորներով ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և ինքնակենսագրական (CV) գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ:

Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցները կսովորեն բիզնես հմտություններ՝ ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն:

Բացի Երևանից, դասընթացներն անցկացվում են նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է:

Մասնակիցները և մենթորները կարող են միանալ ծրագրին առցանց` լրացնելով նշված էլեկտրոնային հայտերը՝ https://goo.gl/oRf48T, https://goo.gl/qE9X3W:

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ գործակցության:

«Նախարարությունը խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետև կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը և վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում: Տեսնում եմ՝ ինչքան են երիտասարդները ոգևորված, ինչն առավել քան ոգևորիչ է նաև նախարարության համար»,- նշել է Հարությունյանը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է IAB միջազգային բիզնես ակադեմիան: Ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանի խոսքով, ժամանակակից տնտեսական մարտահրավերների պարագայում միայն գիտելիքը բավարար չէ մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար։

«Կյանքի հմտություններով զինված երիտասարդ մասնագետներն են հանդիսանալու Հայաստանի հանրային և մասնավոր հատվածի հենասյուները։ Մենթորների մասնակցությամբ իրականացվող դասընթացներն այն նոր մոտեցումներից է, որը IAB բիզնեսի միջազգային ակադեմիան իր ավելի քան 18 տարվա փորձի արդյունքում արձանագրել է որպես առավել արդյունավետ մեթոդ», - նշել է Արաքսյա Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---