Սասունյան. Արդյո՞ք ՀՀ բնակիչները կընդունեն այն հայերի որոշումները, որոնք չեն ապրում երկրում

Սասունյան. Արդյո՞ք ՀՀ բնակիչները կընդունեն այն հայերի որոշումները, որոնք չեն ապրում երկրում

PanARMENIAN.Net - Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում` սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Այդ մասին ասվում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում:

Նա հիշեցնում է, որ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման հայտարարությամբ՝ առաջարկելով ստեղծել Սենատ Հայաստանում, ի լրումն գոյություն ունեցող խորհրդարանի, որը մասամբ կներգրավեր սփյուռքահայերին:

«2011 թ. նախարար Հակոբյանի հայտարարությունից օրեր անց ես խմբագրական գրեցի՝բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նաև այս ամսվա սկզբին սփյուռքի նորանշանակ նախարարի արած առաջարկին:

Ամենակարևոր խնդիրն այն է, որ երկրորդ օրենսդիր պալատի ստեղծումը փոփոխություն է պահանջում ՀՀ Սահմանադրության մեջ, որն այնքան էլ հեշտ գործ չէ: Առանց նման փոփոխության Հայաստանի կառավարության կառուցվածքը չի կարող փոխվել: Հետաքրքիր է, Սփյուռքի նոր նախարարը չի նշել, որ իր առաջարկը կպահանջի սահմանադրական փոփոխություններ: Սա լուրջ խնդիր է, քանի որ Սահմանադրությունը վերջին անգամ վերանայվել է 2015 թվականին, և ոչ հավանական է, ոչ էլ ցանկալի, որ այն այդքան շուտ փոփոխվի: Նույնիսկ նորանշանակ վարչապետը խոստովանեց, որ սահմանադրության հաճախակի փոփոխումը լավ գաղափար չէ: Կարևոր է նաև նշել, որ չնայած Սփյուռքի նախկին նախարարի հայտարարությանը, երբ ՀՀ Սահմանադրությունը 2015 թ. վերջապես փոփոխվեց, դրանում չներառվեց Սփյուռքի համար երկրորդ օրենսդիր պալատի հայեցակարգը»,-գրում է Սասունյանը:

Քանի որ Սփյուռքի նորանշանակ նախարարը խնդրել է աշխարհասփյուռ հայերին իրենց տեսակետն արտահայտել իր նոր առաջարկի վերաբերյալ, Սասունյանը մի շարք հարցեր է բարձրացրել.

1) Արդյոք ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է փոխել Սահմանադրությունը երկրորդ օրենսդրական պալատ ստեղծելու համար: Այլընտրանքային տարբերակը, որ չի պահանջի Սահմանադրության փոփոխություն, հնարավորություն կտա սփյուռքահայերին ներգրավել ներկայիս խորհրդարանում: Մի շարք երկրներ նման մեխանիզմ են ընդունել: Պետք է մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են մյուս երկրները լուծել իրենց Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը իրենց օրենսդիր մարմիններում:

2) Ինչպիսի՞ն է լինելու նոր պալատի մանդատը: Արդյոք միա՞յն համահայկական հարցերի քննարկում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից պահանջները, Արցախյան հակամարտությունը և սփյուռքահայությանն առնչվող խնդիրները, թե՞ դա վերաբերելու է նաև Հայաստանի ներքին խնդիրներին: Նախարար Հայրապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ նոր պալատը կլինի խորհրդատվական, այլ ոչ թե որոշում կայացնող մարմին: Սա տարատեսակ հարցերի տեղիք կտա ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Արդյոք սփյուռքահայերը կբավարարվե՞ն դժվարություններով ընտրել իրենց համայնքների ներկայացուցիչներին և անսահմանափակ ժամանակ ծախսել երևանյան հանդիպումներում, պարզապես Հայաստանի կառավարությանը խորհուրդ տալու համար, որը կարող է լսելի չլինել: Արդյոք Սփյուռքի ներկայացուցիչները շուտով չե՞ն կորցնի իրենց հետաքրքրությունը և չե՞ն դադարեցնի մասնակցությունը նման խորհրդատվական մարմնի հանդիպումներին: Մյուս կողմից, արդյոք Հայաստանի բնակիչները կողջունե՞ն որոշումներ կամ նույնիսկ խորհուրդներ այն հայերից, որոնք չեն ապրում Հայաստանում:

3) Ինչպե՞ս են ընտրվելու նոր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Արդյոք նրանք կընտրվե՞ն իրենց աշխարհասփյուռ համայնքների կողմից, թե՞ կնշանակվեն Հայաստանի կառավարության կողմից: Իմ կարծիքով, սփյուռքի ներկայացուցիչները պետք է ընտրվեն իրենց համայնքի անդամների կողմից, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի նման ընտրությունների կազմակերպումն ամբողջ աշխարհում: Հայաստանի կառավարությունը չպետք է ներգրավվի Սփյուռքում անցկացվող ընտրություններում: Հայաստանի կառավարության կողմից նշանակված կամ հայկական կազմակերպություններից ընտրված ներկայացուցիչները չեն կարող պնդել, որ իրենք իսկապես ներկայացնում են սփյուռքահայերին, քանի որ հանրությունը չի ընտրել նրանց: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները ներկայացնում են միայն իրենց սեփական անդամներին, այլ ոչ թե սփյուռքահայության մեծամասնությանը, քանի որ հայերի մեծ մասը որևէ կազմակերպության անդամ չէ: Նաև լավ գաղափար չէ Հայաստանում ունենալ երկու օրենսդիր պալատ, որոնցից մեկն ընտրված է Հայաստանի քաղաքացիների կողմից (ներկայիս խորհրդարանը), իսկ երկրորդը կազմված կլինի նշանակված, չընտրված անդամներից:

4) Ինչպիսի՞ն կլինեն թեկնածուների և ընտրողների չափանիշները Սփյուռքի պալատի համար: Արդյոք ընդունելի՞ կլինի, որ թեկնածուծները լինեն այն հայերը, որոնք օտարերկրյա երկրների քաղաքացիներ են, թե՞ պետք է խնդրել, որ նրանք ձեռք բերեն առնվազն երկքաղաքացիություն: Հակառակ դեպքում, տարօրինակ կլինի, որ մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ, թեկուզ հայեր, Երևանում նստած որոշումներ կայացնեն կամ խորհուրդներ տան, որոնք կարող են ազդել Հայաստանի բնակչության վրա:

5) Արդյոք նոր օրենսդիր մարմնի սփյուռքյան ներկայացուցիչները պե՞տք է տեղափոխվեն Հայաստան տարեկան նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ ընդամենը կարող են Հայաստան գալ կարճ ժամկետով՝ մասնակցելու ժողովներին, որտեղ քննարկվելու են համահայկական հարցեր:

Հոդվածում նշվում է, որ, պետք չէ շտապել երկրորդ օրենսդիր մարմնի ձևավորման հարցում: Ըստ հոդվածագրի, ինչպես նախարար Հայրապետյանն է առաջարկել՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է անցկացվեն բազմակողմանի խորհրդակցություններ՝ գտնելու մի այնպիսի լուծում, որը կբխի համայն հայության շահերից:

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված լինեն միայն սփյուռքահայերը։ Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։ Նա հավելել է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր»,-ասել է Հայրապետյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---