24 մայիսի 2018 - 10:31 AMT
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում են ԵԽԽՎ համազեկուցողները

Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա)՝ նրանք ժամանել են մայիսի 23-ին, այցը կտևի մինչև մայիսի 25-ը:

ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ են Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ կայքը:

Համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում են Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նոր կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկումները բարեփոխումների վերաբերյալ:

ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։

Հանդիպումներ կլինեն նաև ԱԺ խորհրդարանական խմբերի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների, դատական իշխանությունների, ՄԻՊ-ի, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։