Ավանում ուսանողները փողոց են փակել

Ավանում ուսանողները փողոց են փակել

PanARMENIAN.Net - Մի խումբ ուսանողներ Ավան վարչական շրջանում փակել են Բաբաջանյան փողոցի երթևեկությունը, գրում է Aysor.am-ը: Քոլեջի ուսանողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, PanARMENIAN.Net ին հայտնեց, որ ուսանողներն ու դասախոսները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին:

Մայիսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված հայտարարություն է տարածել, որի համաձայն մայիսի 5-ին քոլեջում տեղի էր ունեցել միջադեպ:

Նշվում է, որ համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:

«Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը մայիսի 18-ին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին: Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով մայիսի 18-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է», - նշվում է հաղորդարգրության մեջ:

Նշվում է նաև, որ Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին «ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում:

«Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը», - ասվում է հաղորդարգրության մեջ:

ՀՊՏՀ-ի հայտարարությանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Սերգեյ Խառատյանը:

«Ծանոթանալով ՀՊՏՀ ղեկավարության կողմից հրապարակված հաղորդագրությանը, հայտնում եմ ձեզ, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Տվյալ անձը» դրսևորել է կրթական հաստատության համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչի արդյունքում ես և իմ ղեկավարած կառույցը դարձել ենք «տվյալ անձնավորության» և նրա ետևում կանգնած անձանց ոչ իրավաչափ գործողությունների զոհ, որի համար ես օրենքով սահմանված կարգով դիմելու եմ համապատասխան գործողությունների», - գրել է նա:

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հորդորել և պահանջել էր բոլորից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ:

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին», - մասնավորապես, նշել էր նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---