Նախարար. Ճանշին աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն

Նախարար. Ճանշին աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն

PanARMENIAN.Net - Ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է ընթանան առավել կազմակերպված, իսկ դրանց կառավարումը՝ առավել արդյունավետ ու թափանցիկ պետք է լինի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նախարարն, ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը, կարևորել է այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Առանձնակի կարևորվել է կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի է համարել այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը:

Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Որոշ հարցերի շուրջ բազմակողմանի քննարկում է տեղի ունեցել։ Աշխատանքների ընթացքն ավելի հստակ կազմակերպելու և վերահսկելու նպատակով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարակություն ներկայացնել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական մրցույթների անցկացմանը զուգահեռ շինարարական կազմակերպությունների նախաորակավորման մրցույթների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներին, հիմնանորոգման առաջնահերթություններին, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---