Փաշինյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին. ՀՀ-ում ժողովրդավարությունն արդեն իրողություն է

Փաշինյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին. ՀՀ-ում ժողովրդավարությունն արդեն իրողություն է

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպե Գալատիի գլխավորությամբ:

«Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի կամքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, և բոլոր խնդիրների լուծումը պետք է սկսել այստեղից:

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը:

«Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: Ժողովրդավարության հաստատման կարևոր փուլ եմ համարում ոչ միայն ազատ, արդար և ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալը, այլ նաև հեռանալը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները Հայաստանում ամրագրելուն միտված քայլերը, միաժամանակ իր մտահոգությունն արտահայտել ոմանց կողմից ԵԽԽՎ-ն որպես ԼՂ հակամարտության հարթակ օգտագործելու փորձերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և բանակցությունների համար գոյություն ունի մեկ հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափն է:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության առաջնահերթություններին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, քաղաքական հնարավոր զարգացումներին և մի շարք այլ հարցերի:

ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպելու են նաև ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Հանդիպումներ կլինեն նաև ԱԺ խորհրդարանական խմբերի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների, դատական իշխանությունների, ՄԻՊ-ի, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---