Ավինյան. Կարող ենք Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալ, եթե համաձայնագիրը կյանքի կոչվի

Ավինյան. Կարող ենք Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալ, եթե համաձայնագիրը կյանքի կոչվի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կարելի է արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ կարող ենք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ ունենալ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսը փակ լինի:

Գրառման մեջ ասվում է, որ մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման մանրամասները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:

Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

«Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում, մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասվում է գրառման մեջ:

Փոխվարչապետը հավելել է նաև, որ հայկական կողմը բարձր է գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը ՀՀ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ:

2017-ին ևս Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել էին կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:Մինչ օրս համաձայնագրի պրակտիկ իրականացումն արգելակվում էր, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին չէին կարողանաում պայմանավորվել գործընթացին Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների անմիջական մասնակցության հարցում: Սուխումում և Ցխինվալում սպառնում էին արգելակել բեռների տեղաշարժը, եթե չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, սակայն այդ տարբերակին դեմ էր Թբիլիսին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---