Նախարար. Իրանական գազը սահմանին $15-ով թանկ է ռուսականից

Նախարար. Իրանական գազը սահմանին $15-ով թանկ է ռուսականից

PanARMENIAN.Net - Իրանական գազը սահմանին ռուսականից թանկ է: Այդ մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իրանական գազը սահմանին վերջին տվյալներով առաջարկվել է 165 դոլարով 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով և նաև ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, ինչն ավելի է էժանացնում ռուսական գազն իրանականի համեմատ», - ներկայացրել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Այն դիտարկմանը, թե սահմանին ռուսական գազը 150 դոլար է, բայց բնակարաններում մարդիկ ավելի են վճարում, նախարարը հրաժարվել է արձագանքել՝ ասելով, որ այս պահին այդ հարցի պատասխանն ինքը չունի։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Նախարարը նաև ասել է, որ փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։

Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---