Մեյի արձագանքը. Ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Ջոնսոնին զանգելու դեպքով հետաքննություն կսկսվի

Մեյի արձագանքը. Ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Ջոնսոնին զանգելու դեպքով հետաքննություն կսկսվի

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույց ունենալու դեպքով: Այս մասին գրում է Reuters-ը:

Մեյի խոսնակն ասել է, որ հետաքննությունը կիրականացվի «նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով»:

18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի Լոնդոն այցի, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

Նրանք հայտնել են, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:

Լեքսուսն ու Վովանը պրանկ լրագրության ակունքներում են կանգնած: Նրանք հայտնի դարձան, երբ զանգահարեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և այլ հայտնի քաղաքական գործիչների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---