Նախարար. Ծխելու դեմ պայքարում պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք

Նախարար. Ծխելու դեմ պայքարում պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք

PanARMENIAN.Net - Հայաստանում ծխողների մտահոգիչ վիճակագրություն կա: Այդ մասին Առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք, հայտնում է Panorama.am-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխախոտի համաշխարհային օր։ Ամեն տարի ԱՀԿ-ն միջազգային օրվա առիթով ընտրում է թեմա. այս տարվա թեման է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», իսկ օրվա կարգախոսն է՝ «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը»։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները, մեղմ ասած, բավարար չեն: Ըստ նրա՝ 2010-2015 թվականների ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված էր ամեն տարի երկրում ծխողների թիվը կրճատել 1,5-2%-ով, սակայն 2017-ին ընդունված ռազմավարության մեջ ներառված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, իսկ ծխողների շարքում ավելացել են թե կանայք, թե տղամարդիկ:

Նախարարը կարևորել է հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

«Անձամբ շահագրգռված եմ, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ընդունվի, ու այն հաստատապես ընդունվի: Սակայն տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխությունները պետք է ավելի սահուն կատարել: Օրենքի նախագծում որոշ հոդվածներ կվերանայվեն, և միայն դրանից հետո այն կուղարկվի խորհրդարան»,- հայտնել է առողջապահության նախարարը:

ՀՀ կառավարությունը 2018-ի հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ լուրջ անելիքներ կան հատկապես ծխախոտի գովազդի, գնային քաղաքականության, ինչպես նաև հանրային իրազեկման առումով:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում այսօր ծխում է 15 տարեկանից բարձր բնակչության 26-27%-ը (տղամարդիկ՝ 53,4 %-ը, կանայք՝ 2,3%): Ընդ որում, կանանց մի մասը գաղտնի է ծխում, բացի այդ, յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, ինչը մտահոգիչ է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ սրտանոթային հիվանդություններն աշխարհում ավելի շատ են մահվան հանգեցնում, իսկ դրանց մոտավորապես 12%-ի հիմքում ծխախոտի օգտագործումն է և երկրորդային ծխի ազդեցությունը:

Հայաստանում, ըստ նախարարի, ոչ վարակիչ հիվանդությունների շարքում սրտանոթային հիվանդությունները մահվան հանգեցնող առաջին պատճառն են, հիմքում՝ նաև ծխելը:

«Այս մտահոգիչ փաստն անտեսելն անթույլատրելի է: Կանգ առնել է պետք: Վիճակագրությունը գուժում է՝ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններն աճի միտում ունեն: Սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների մեծ մասը, իսկ թոքի քաղցկեղի 80-85 տոկոսը պայմանավորված է ծխախոտի երկարատև օգտագործմամբ: Այսօր կարող ենք արձանագրել, որ ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա»,- ասել է նախարարը:

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է իրավական պարտավորություններ այն բոլոր երկրների համար, որոնք վավերացրել են այդ կոնվենցիան, կիրարկելու համար ազգային արդյունավետ հակածխախոտային քաղաքականություններ: Հայաստանը վավերացրել է այդ Կոնվենցիան 2004 թվականին: Կոնվենցիան վավերացրել են 181 երկրներ՝ ներկայացնելով աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը:

Ընթերցեք նաև.Մաքուր օդի ձեր իրավունքը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---