Միրզոյանը պարզաբանել է վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելը

Միրզոյանը պարզաբանել է վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձել է վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելու մասին հրապարակումներին, որոնց համաձայն, այդ մեկօրյա այցը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում

Մասնավորապես «Հրապարակը» գրել էր. «Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու։ Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարարներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում»։

«Ավարտվեց մայիսի 31 - հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր:... Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այդ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ»,-ասվում է գրառման մեջ։

Առաջին փոխվարչապետը նշել է նաև, որ ֆինանսական խնայողություններն, իհարկե, կառավարության առաջնահերթություններից են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ: «Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»,-ասվում է գրառման մեջ։

Մինչդեռ հունիսի 1-ին հայտարարվեց, որ նախարարներն այսուհետ գործուղումների կմեկնեն էկոնոմ դասի չվերթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցն Աստանա իրականացրել է էկոնոմ դասի չվերթով. այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը »:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---